Եգիպտոսի ֆինանսների նախարարությունը որոշել է սառեցնել մի քանի եգիպտական հատուկ ֆոնդերի միջոցներ` ընդհանուր առմամբ 8 մլրդ եգիպտական ֆունտ (1,3 մլրդ դոլար) արժողությամբ: Այս մասին հաղորդել են եգիպտական լրատվամիջոցները:
Համաձայն ֆինանսների նախարարի հայտարարության` առանձին ֆոնդերի միջոցները, որոնք տրվել են որոշ շրջանների ղեկավարությունների կողմից, իրենց հաշվին է փոխանցվել եգիպտական օրենքի որոշ խախտումներով:
Նախարարի հրամանով` այդ ռեսուրսները պետք է անցնեն եգիպտական Կենտրոնական բանկի հաշվին: Հայտնի է, որ այդ ֆոնդերից մեկն Ալեքսանդրիայի գրադարանին է, որի գլխավոր կառավարիչը Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կինն է՝ Սյուզան Մուբարաքը:
Իր հերթին պլանավորման կոմիտեի և Ազգային հավաքի բյուջեի ղեկավար Աշրաֆ Բադր-էդ Դինը հայտնել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում օրինագիծ կներկայացվի խորհրդարան, որը նախատեսում է բոլոր ֆոնդերի միջոցների 50 %-ի փոխանցում Կենտրոնական բանկին:
Ֆինանսների նախարարության ներկայիս տվյալներով` տարբեր երգիպտական ֆոնդերի ընդհանուր միջոցները կազմում են 36 մլրդ եգիպտական ֆունտ` 6 մլրդ դոլար:
2011 թ. հեղափոխությունից հետո Եգիպտոսը որոշակի ֆինանսական խնդիրների առաջ կանգնեց: Երկրի արժութային պաշարները վերջին 12 ամիսների ընթացքում կրճատվել են 20 մլրդ դոլարով` մարտին հասնելով 15,1 մլրդ–ի: Այս միջոցները երկրին հազիվ բավականացնեն երեք ամսվա անհրաժեշտ մթերքները ներկրելու համար:
Ըստ ֆինանսների նախարարության զեկույցի՝ Եգիպտոսի բյուջեի դեֆիցիտը ներկայիս ֆինանսական տարում, որը կավարտվի հունիսի 30-ին, կկազմի 150 մլրդ ֆունտ` 25մլրդ դոլար: Ներկա դրությամբ Կահիրեն բանակցություններ է վարում Արժույթի միջազգային հիմնադրամի հետ՝ 3,2 մլրդ դոլար վարկ ստանալու համար, սակայն ներքաղաքական տարաձայնությունների պատճառով որոշակի համաձայնության գալը դեռևս անհնար է:











































