Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Հասարակական քաղաքական հետազոտությունների կենտրոն»-ի ներկայացուցիչները խոսեցին իրենց կողմից իրականացված սոցիալական հարցման մասին:
ՀԿ համակարգող Կարեն Վարդանյանը ներկայացրեց սոցիալական հարցման արդյունքները՝ նշելով, որ այն իրականացվել 10+1 աշխարհագրությամբ՝ 1320 մարդկանց մասնակցությամբ. «Հարցումն անցկացվել է ՀՀ մարզերում և Երևանում: Մասնակիցներից 320-ը Երևանից, և 1000 մասնակից մարզերից: Մասնակիցների 56 տոկոսը կանայք են, 44 տոկոսը՝ տղամարդիկ: Աշխատանքային զբաղվածության հետ կապված 54-ը հիմնական աշխատանք չունի, այստեղ ներառված են նաև մարդիկ, ովքեր զբաղվում են գյուղատնտեսությամբ, որը սեզոնային բնույթ ունի, մասնավոր սեկտորի աշխատողները կազմում են 16 տոկոս, 12 տոկոս ուսանողներն են, 18 տոկոս՝ պետական աշխատողները և քաղծառայողները»: Ընդ որում` պետք է նշել, որ հարցումն իրականացվել է այն մարդկանց շրջանում, ովքեր չունեն կուսակցական պատկանելություն:
Կենտրոնի ղեկավար Թորիկ Մարտիկյանը նշեց, որ իրենց կենտրոնը սոցհարցումների տեսքով հետազոտությունները սկսել է իրականացնել քարոզարշավից դեռևս 6 ամիս առաջ, և սա թվով երրորդ հարցումն է. «Այս հետազոտությունները նպատակ ունեն ներկայացնել մեր հասարակության քաղաքական տրամադրությունների փոփոխությունների արդյունքները, որոնք կեզրափակվեն ԱԺ ընտրություններով: Քանի որ տրամադրությունների կտրուկ փոփոխությունները նկատելի են լինում քարոզարշավի ընթացքում, այդ պատճառով էլ այսօրվա արդյունքները մինչև ապրիլի 7-ն են, այսինքն` մինչև քարոզարշավի մեկնարկը:
Ծրագրի համակարգողի խոսքերով՝ նախորդ հարցումների հետ կապված էական փոփոխություն նկատվել է հատկապես մասնակիցների կրթության հետ կապված հարցում, ինչ ըստ իրենց պայմանավորված է նրանով, որ նախորդ հարցումներն անցկացվել են միայն Երևանում, իսկ այս հարցումը նաև մարզերում:
Ներկայացված հարցման արդյունքում հարցին, թե որ կուսակցության գործունեությունն է ավելի արդյունավետ սոցիալական ոլորտում, առաջի երեք տեղերում էին համապատասխանաբար ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը և ՀՀԿ-ն: Ծրագրի համակարգողի կարծիքով՝ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ մարդիկ ընտրություն կատարելիս հաշվի են առնում անհատի նկատմամբ ունեցած համակրանքը. «Օրինակ` Սերգո Կարապետյանի գործունեությունը գյուղատնտեսության ոլորտում բավականին մեծ է եղել այս շրջանում, ինչն էլ, ըստ էության, ազդել է, կուսակցության վարկանիշի վրա: Եթե հաշվի առնենք, որ հարցման մասնակիցների մեծ մասը մարզերից են»:
Հարցին՝ ո՞ր կուսակցությանը ձայն կտան, եթե ընտրությունները լինեին այս շաբաթ, դարձյալ առաջին երեք տեղերում են ՀՀԿ-ն՝ 24%, ԲՀԿ-ն՝ 22% և ՕԵԿ-ը՝ 16%: Իսկ, թե որ գործիչներն են ավելի խարիզմատիկ, նույն կուսակցությունների լիդերներն էին առաջին տեղերում. Գագիկ Ծառուկյան՝ 20%, Սերժ Սարգսյան՝ 19%, Արթուր Բաղդասարյան՝ 17%:
Վերջում էլ ծրագրի համակարգողն ավելացրեց, որ մարդիկ ընտրություններից ակնկալում են միայն կենցաղային հարցերի լուծում, հարցվողների միայն 9 տոկոսն է նշել, որ ակնկալում է ակտիվ օրենսդրական գործունեություն:









































