ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկությունն այն մասին, որ ԿԺԴՀ-ի արձակած հրթիռի բեկորները կարող էին ընկած լինել Ռուսասատանի տարածքում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն` հղում կատարելով գերատեսչության ներկայացուցչին:
Նախարարությունում ենթադրում են, որ հրթիռն ընկել է Կորեայի ծովը: Գործակալության զրուցակցի խոսքով` այն անհետացել է ռադարների վրա արձակվելուց մի քանի վայրկյան հետո:
Լուրերն այն մասին, որ «Ինխա-3» հրթիռի բեկորները կարող էին ընկած լինել Ռուսաստանի Իրկուտսկի մարզում, ԶԼՄ-ներում հայտնվեցին ապրիլի 13-ի վաղ առավոտյան:
Interfax գործակալությունը հայտնել էր, որ ինչ-որ անհայտ տիեզերական օբյեկտ է ընկել Մամսկո-Չույսկի շրջանում ապրիլի 12-ի երեկոյան: Թե ինչ է ընկել, առայժմ պարզ չէ:
«Ինխա-3» հրթիռակիրը «Կվանմենսոն-3» արբանյակի հետ բաց էր թողնվել Չխոլսանի հրթիռային փորձարկման վայրից: ԿԺԴՀ-ն պաշտոնապես հրթիռի փորձարկումը ճանաչել է անհաջող: Նրանց պնդմամբ` հրթիռն ընկել է օվկիանոսը:








































