News Georgia-ի փոխանցմամբ՝ երեկ Աբխազիայում ձերբակալվել է 6 մարդ, որոնք մեղադրվում են փետրվարի 22-ին Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի դեմ մահափորձ կատարելու մեջ: Այս մասին հայտարարել է Աբխազիայի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ ձերբակալվածների մոտ հայտնաբերվել ու առգրավվել է մեծ քանակությամբ հրաձգային զենք. ինքնաձիգներ, ատրճանակներ, ձեռքի նռնականետ, գիշերային տեսասարքեր, մեծ քանակությամբ զինամթերք ու թմրանյութ:
Հիշեցնենք, որ Անկվաբի ավտոշարասյունը գնդացիրներից ու նռնականետից գնդակոծվել էր փետրվարի 22-ի առավոտյան Գուդաութայի շրջանում: Անկվաբը չէր տուժել, սակայն զոհվել էր նրա թիկնազորի 2 ներկայացուցիչ, վիրավորվել էին մի քանիսը: Մեկ ավտոմեքենա լրիվ այրվել էր:









































