Բրիտանացի դերասան ու ռեժիսոր Թիմ Ռոտը կգլխավորի Կաննի կինոփառատոնի`նշանակությամբ երկրորդ ծրագիրը` «Հատուկ հայացքը»: Այս մասին հայտնում է RIA Novosti գործակալությունը:
Առայժմ հայտնի չէ, թե ովքեր են ժյուրիի մյուս անդամները: Վերջիններս համատեղ ուժերով պետք է գնահատեն 20 մրցութային ֆիլմ: «Հատուկ հայացքի» հաղթողի անունը հայտարարում են փառատոնի փակման նախօրեին: Այս տարի այն տեղի կունենա մայիսի 26-ին:
Կաննի 65-րդ միջազգային կինոփառատոնը տեղի կունենա մայիսի16-27-ը: Հիմնական ժյուրիի կազմը կգլխավորի իտալացի ռեժիսոր Նաննի Մորետտին:
50-ամյա Ռոտն իր կարիերան սկսել է հեռուստատեսությունում: Նա Կաննում հայտնվել է որպես Քվենտին Տարանտինոյի «Կատաղած շներ» ֆիլմի դերասաններից մեկը (1992): Նկարահանվել է Տարանտինոյի, Վուդի Ալենի, Թերենս Մալիքի, Թիմ Բերտոնի մի շարք ֆիլմերում: Ամենահայտնի ֆիլմերից մեկը Ջուզեպպե Տորնատորեի «Լեգենդ դաշնակահարի մասին»-ն է (1998): Որպես ռեժիսոր՝ մասնակցել է Կաննի ու Տորոնտոյի կինոփառատոներին:









































