Կալիֆոռնիայի նոր նահանգապետ Ջերի Բրաունը ֆինանսական արտակարգ դրություն է հայտարարել նահանգում: Նա խորհրդարանին 45 օր է տվել, որպեսզի միջոցներ ձեռնարկեն աստղաբաշխական` 25,4 միլիարդ դոլարի հասնող բյուջեի դեֆիցիտը վերացնելու համար: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
Ըստ էության, Բրաունը երկարաձգել է իր նախորդի` Առնոլդ Շվարցենեգերի հայտարարած ֆինանսական արտակարգ իրավիճակը: Անցած տարի Կալիֆոռնիայի օրենսդիրները հրաժարվել էին քվեարկության դնել միջոցների խիստ տնտեսման մեթոդները և նախընտրել էին սպասել մինչև պաշտոնավարման կանցնի նոր նահանգապետը:
Հունվարի 3-ին Շվարցենեգերից լիազորությունները վերցրած Կալիֆոռնիայի նոր նահանգապետը իր առջև խնդիր է դրել 5 տարում վերացնել բյուջեի դեֆիցիտը: Այդ ընթացքում նահանգապետը մտադիր է անփոփոխ թողնել իր նախորդի կողմից հաստատված հարկերի բարձր դրույքաչափերը: Նահանգապետը առաջարկում է տնտեսել 12,5 միլիարդ դոլար սոցիալական ծառայությունների, աղքատների առողջապահական սպասարկման և բարձրագույն կրթական համակարգին տրամադրվելիք դոտացիաների հաշվին:
Պաշտոնավարման ընթացքում արձակած առաջին հրամանով Բրաունը հանձնարարել է իր ենթականերից վերցնել 48 հազար ծառայողական բջջային հեռախոսները` տարեկան 20 մլն դոլար խնայելու նպատակով:









































