«Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան» միասնական քաղաքական որոշում չունի: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա» արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության փոխնախագահ Բորիս Խառատյանը`խոսելով գալիք խորհրդարանական ընտրությունների շուրջ:
Նա նշեց, որ ոչ մի քաղաքական դիրքորոշում չեն ընդունել, որովհետև արհմիության անդամները տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ են: Ըստ նրա` նման դեպքում առաջնությունը մեկ քաղաքական ուժին տալ, մյուսին ոչ՝ սխալ է: «Այդ պատճառով մենք զերծ ենք մնում նման մոտեցումից: Մեր անդամները և՛ կուսակցականներ են, և՛ անկուսակցականներ, բայց բոլորն արհմիության անդամ են, նման մոտեցումը կարող է պառակտման հիմք հանդիսանալ: Մենք չենք կարող իրենց ասել, որ քվեարկեն այս կամ այն կուսակցության, թեկնածուների օգտին: Դա յուրաքանչյուրն ինքն է որոշում»,- նշեց Բորիս Խառատյանը` նման մոտեցումն այս պահին բացառված համարելով:









































