Վաշինգտոնում «Մեծ ութնյակի» արտգործնախարարների հավաքից հետո ընդունված հայտարարության մեջ նշվում է, որ ութնյակի երկրները վերահաստատում են «Արաբական գարնան» ժամանակ իշխանափոխություն վերապրած երկրներին օժանդակելու իրենց պատրաստակամությունը: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
«Աշխարհը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում զանգվածային աննախադեպ բողոքների և հասարակական վերափոխումների ականատեսը դարձավ: Այդ բողոքները, որոնք տեղի էին ունենում հրապարակներում և սոցիալական ցանցերում, միավորվեցին մարդու իրավունքների, արժանապատվության և ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու պահանջի շուրջ: Այդ գործընթացը շարունակվում է նաև հիմա:
«Մեծ ութնյակի» արտգործնախարարները վերահաստատել են նոր ժողովրդավարական գործընթացներին աջակցելու իրենց պատրաստակամությունը, որոնք ձևավորվել են այս բողոքների արդյունքում, ինչպես նաև մյուս երկրներին, որոնք իրականացնում են քաղաքական և տնտեսական բարեփոխումներ». ասվում է հայտարարության մեջ:
«G8-ի դերակատարությունը քաղաքական բարեփոխումներին, ժողովրդավարական վերափոխումներին և տնտեսական աճին աջակցություն ցուցաբերելու մեջ է»,- նշվում է եզրափակիչ փաստաթղթում:









































