Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հերթական աշխատանքային շրջայցը Ավան վարչական շրջանում էր: Քաղաքապետի այցելության պահին վարչական շրջանում բարեկարգման լայնածավալ աշխատանքներ էին ընթանում: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Պատասխանատուները քաղաքապետին են ներկայացրել երեք նոր բակային տարածքներում նախատեսվող բարեկարգման համալիր աշխատանքների նախագծերն ու ընթացքը: Զեկուցվել է, որ այս երեք բակային տարածքներում էլ եղել են ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքներ: Սակայն բնակիչները մեծ ոգևորությամբ ու պատրաստակամությամբ են միացել Երևանի քաղաքապետի կոչին` սեփական նախաձեռնությամբ ազատելով զբաղեցրած տարածքները. «Ավանը միշտ աչքի է ընկել իր կանաչ տարածքներով և բարեկարգ բակերով և ողջունելի է, որ դրանք շարունակում են ընդլայնվել հենց բնակիչների նախաձեռնությամբ: Ընդհանրապես, մենք բոլոր վարչական շրջաններում ենք բարեկարգման նման ծրագրեր նախատեսել և այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Այս հարցում մեր մոտեցումն այն է, որ մայրաքաղաքի բոլոր բակերը լինեն բարեկարգ և հարմարավետ մեր բնակիչների համար»,-նշել է Տարոն Մարգարյանը:
Ի դեպ, բոլոր բակերի բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետին, ընդգծելով, որ բակերի բարեկարգումն իրապես առաջնահերթ խնդիր է և վստահեցրել են, որ խնամքով կպահպանեն դրանք: Տարոն Մարգարյանն էլ խոստացել է բակերի բարեկարգման ավարտից հետո կրկին այցելել ու բնակիչների հետ կատարել դրանց պաշտոնական բացումը:
Քաղաքապետի այցելության պահին բակերի բարեկարգմանը զուգահեռ նաև կանաչ տարածքների ձևավորման աշխատանքներ էին ընթանում: Տարոն Մարգարյանը տեղում հանձնարարել է առանձնակի ուշադրություն դարձնել կանաչ տարածքների ստեղծմանը, ծառերի և թփերի պահպանմանն ու խնամքին:
Մայրաքաղաքի կանաչապատման հարցում քաղաքապետ Տարոն Մարգարյանի պահանջը հստակ է. ծառատունկ իրականացնել բացառապես ոռոգելի տարածքներում: Քաղաքապետի հանձնարարությամբ ոռոգման նոր համակարգեր են անցկացվում նաև բակային տարածքներում. «Կանաչ տարածքների ստեղծման հարցում մեր պահանջը հստակ է. նախ իրականացնել ոռոգման ցանցի անցկացման աշխատանքներ, ապա նոր նախաձեռնել այգու և կանաչ տարածքների հիմնման ու վերականգնման աշխատանքները: Միայն գործող ոռոգման համակարգի առկայության դեպքում է հնարավոր իրականացնել մեր կանաչ Երևան ունենալու ծրագիրը:»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շրջայցի շրջանակում քաղաքապետը ծանոթացել է նաև ասֆալտապատման աշխատանքների ընթացքին: Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ծրագրերով միայն այս տարի Ավան վարչական շրջանում շուրջ 65000 քմ ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվելու:
Աշխատանքային շրջայցի ընթացքում Տարոն Մարգարյանը եղել է նաև Երևանի թիվ 52 նախադպրոցական ուսումնական հաստատությունում: Քաղաքապետարանի ծրագրով այստեղ հիմնովին փոխվել են լուսամուտները: Մանկապարտեզի կոլեկտիվն ու ծնողները իրենց շնորհակալությունն ու գոհունակությունն են հայտնել Տարոն Մարգարյանին ՆՈՒՀ-երին ցուցաբերվող մշտական ուշադրության համար, ի մասնավորի ընդգծելով քաղաքապետի կարգադրությամբ երեխաների սննդի որակի նկատմամբ իրականացվող մշտական հսկողությունը:
Շրջայցից հետո քաղաքապետը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել վարչական շրջանի աշխատակազմի հետ, որի ընթացքում անդրադառնալով իրականացվող աշխատանքներին, հանձնարարել է առավել հետևողական լինել դրանց կատարման որակի ու սահմանված ժամանակացույցով աշխատանքներն ավարտելու վերահսկման հարցում:




















































