Հաղթելու եմ և դրա մասին ասում եմ վստահ: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թիվ 30 ընտրատարածքում առաջադրված «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Գառնիկ Սահակյանը`խոսելով նախընտրական քարոզարշավի շուրջ:
Նա նշեց, որ դեռ բուն քարոզարշավը չի սկսել. միայն երկու ցուցանակի վրա փակցվել են պաստառները, բուկլետները շուտով կտպագրվեն, քարոզարշավի թիմն արդեն համալրված է: Ըստ նրա` մի քանի օրից ամեն ինչ հունի մեջ կընկնի: «7-10 օրվա մեջ կարողանալու ենք լինել ամբողջ Վանաձորում: «Ժառանգություն» կուսակցության նախընտրական քարոզարշավի նյութերը կհասնեն յուրաքանչյուր բնակարան և յուրաքանչյուր ընտրողի սեղանին դրված կլինեն»,- մանրամասնեց Գառնիկ Սահակյանը:
Խոսելով սահմանափակումներից` նա ասաց, որ մարզային հեռուստատեսությունները չունեն այն ազատությունը, որն ունեն երևանյան հեռուստատեսությունները: Նրա խոսքով` կան կոշտ սահմանափակումներ: «Բայց ես հաղթելու եմ և այդ մասին վստահ եմ ասում, որովհետև Հայաստանի ամենամաքուր քաղաքական ուժի ներկայացուցիչն եմ, վայելում եմ մեր պատգամավորների համակրանքը, զորակցությունը, 22 տարի է ապրում եմ Վանաձորում»,- մեկնաբանեց իր տեսակետը թիվ 30 ընտրատարածքում առաջադրված թեկնածուն:
Հիշեցնենք, որ թիվ 30 ընտրատարածքում առաջադրված են նաև ՀՀԿ թեկնածու Վիկտոր Դալլաքյանը, ՀՅԴ թեկնածու Զոհրաբ Թորոսյանը, ՀՀՇ ներկայացուցիչ Աշոտ Մանուկյանը և անկուսակցական Էդմոն Մարուքյանը:







































