ԱՄՆ-ի Թեննեսի նահանգում օրենք է ընդունվել, որը արգելում է պատժել ուսուցիչներին համընդհանուր ընդունված գիտական հասկացությունները, ինչպիսինն է օրինակ՝ էվոլյուցիայի տեսությունը, քննադատելու համար: Այս մասին հաղորդում է Los Angeles Times-ը:
Հանրապետական նահանգապետ Բիլլ Հեսլեմը վետո չի դրել այս օրինագծի վրա, բայց և չի ստորագրել այն:
Ինչպես մանրամասնում է France-Presse գործակալությունը, օրենքի ուժի մեջ մտնելը նահանգապետի ստորագրության հետ կապ չունի:
Օրենքում ընդգծվում է, որ այն չի կարելի օգտագործել կրոնական կամ հակակրոնական հայեցակարգերը քննադատելու համար:
Նոր օրենքի կողմնակիցները գտնում են, որ այն թույլ կտա ուսուցիչներին դասերի ժամանակ ազատ քննարկել համընդհանուր ընդունված հայեցակարգերի թույլ և ուժեղ կողմերը, մասնավորապես՝ մարդու առաջացման և կլիմայի փոփոխման հարցի շուրջ: Դրա հետ մեկտեղ ուսումնական ծրագիրը չի փոփոխվելու:
Օրենքի հակառակորդները գտնում են, որ ուսուցիչներին թույլատրվում է քննարկել ոչ գիտական հայացքները:
Ամերիկյան դպրոցներում էվոլյուցիայի տեսության դասավանդման խնդիրն անընդհատ ուշադրություն է գրավում: Gallup-ի հարցումների համաձայն` ամերիկացիների 40 %–ը գտնում է, որ մարդը ժամանակակից տեսքով ստեղծվել է Աստծո կողմից, 38 %-ը համարում է, որ մարդն առաջացել է էվոլյուցիայի ճանապարհով և միայն 16 %-ն է գտնում, որ Աստված ոչ մի կապ չունի մարդու էվոլյուցիայի հետ:











































