Ինչպես արդեն հաղորդել էինք, Facebook ընկերությունը որոշել է մեկ միլիարդ դոլարով գնել Instagram փոքրիկ ընկերությունը, որն աշխատում է միայն 13 հոգուց բաղկացած անձնակազմով:
Los Angeles Times-ը հաղորդում է, որ այս ֆոտոծառայությունը դարձել է այնքան հանրաճանաչ, որ այն այլընտրանքային եղանակ է ընկերների ու ընտանիքի անդամների հետ կապ հաստատելու համար: Հավանականությունը շատ մեծ էր, որ ընկերության աշխատակիցները շուտով չափազանց հարուստ կդառնան:
Չնայած Facebook–ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտնել է, որ ընկերությունն աշխատելու է նույն անձնակազմով, ինչ որ նախկինում էր, բայց օգտատերերն այնքան էլ ուրախ չեն և ընկերության գնումը ներկայացնում են որպես ողբերգություն: Ոմանք նշում են, որ ֆոտոծառայությունն օգնում էր իրենց ունենալ օնլայն մի աշխարհ, որտեղ նրանք հեռու կլինեն Ցուկերբերգի կայսրությունից: Հարցն այն չէ, որ Ցուկերբերգը «վատն» է, այլ այն, որ ստեղծվում է մի իրավիճակ, որտեղ առանց թվային աշխարհի մասին նրա պատկերացումների հնարավոր չէ ապրել, քանի որ դրանք ամենուր են:
Facebook-ը, Google-ը, Apple-ը, Microsoft-ը և Amazon-ը դարձել են այս տիեզերքի նոր տերերը: Դրանցից յուրաքանչյուրը ղեկավարում է այն, թե ինչով են մարդիկ զբաղվում, կամ ինչ են օգտագործում, և թե ինչպես է իրականացվում օնլայն առևտուրը: Չնայած այս ընկերությունների տերերը ցանկանում են ինչ-որ լավ բան անել, բայց միևնույն է՝ շատ մարդիկ որախ չեն, որ այդ շուկայում մրցակցությունը գրեթե իսպառ բացակայում է կամ գոյություն ունի միայն մի քանի միլիարդատերերի միջև:








































