Առողջության ապահովման գլխավոր գործոններից մեկը առողջ ծերություն ունենալն է: Այս տարի Առողջապահության համաշխարհային կազմակերպության կարգախոսն է՝ «Առողջությունը երկարակեցության գրավականն է»:
Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան ասուլիսի սկզբում ասաց, որ անցյալ դարի կեսերին 80 և ավելի տարեկան մարդկանց թիվն աշխարհում կազմում էր ընդամենը 14 մլն: Ըստ կանխատեսումների՝ մինչև 2050 թիվը տարիքային այս խումբը կկազմի 400 մլն, որից 100 միլիոնը բաժին կհասնի Չինաստանին։
«Մարդկության պատմության մեջ շուտով 65 և ավելի տարեկան մեծահասակ բնակիչների թիվը գերազանցելու է մինչև հինգ տարեկան երեխաների թվին»,- ասաց նա:
Խոսելով երկարակեցության մասին՝ բանախոսն ասաց, որ այդ փոփոխությունը կապված է տնտեսական և սոցիալական փոփոխությունների, ինչպես նաև մանկական մահացությունների կանխարգելման և չափահաս բնակչության առողջությանը հետևելու հետ:
Դաֆինա Գերչևան նշեց, որ միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում հասուն տարիքում հիվանդ մարդկանց թիվը շատանում է, քանի որ ի հայտ են գալիս երկրորդային հիվանդություններ: Հայաստանը ևս բացառություն չէ. լինելով միջին եկամուտներ ունեցող երկիր՝ բնակչության տարեց հատվածը ունի մի շարք հիվանդություններ:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը ասուլիսի ընթացքում ներկայացրեց ծերերի մահացության ցուցանիշները: Ըստ վիճակագրության՝ ծերերի մահացության թիվը 16-59 տարեկան մարդկանց շրջանում հազար հոգու հաշվով 1990 թվականին կազմել է 2.9 մարդ, 2010-ին՝ 2.6 մարդ, 60 և ավելի տարեկան մարդկանց շրջանում մահացությունը կազմում է 49.3 մարդ, իսկ 1990-ին այս թիվը կազմել է 38.8 մարդ:
Մահացության հիմնական պատճառներն են՝ արյան շրջանառության հետ կապված խնդիրները, չարորակ ուռուցքները, էնդոկրին համակարգի խանգարումները՝ շաքարային դիաբետ, շնչառական, մարսողական և այլ հիվանդություններ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների վարչության պետի տեղակալ Անահիտ Գևորգյանն էլ ներկայացրեց տարեցների կյանքի որակը բարելավելու ծրագիրը:
Ըստ վիճակագրության՝ ՀՀ-ում այժմ կա 490 հազար կենսաթոշակառու, որից 376 հազարը 65 և ավելի տարեկաններն են. «Այսօր մեր գործողությունները միտված են միայնակ, հաշմանդամ և մշտական բնակության վայր չունեցող տարեցների օգնությանը»:
ՀՀ-ում այժմ կա 8 ծերանոց, որոնցից 4-ը պետական են, 4-ը՝ մասնավոր: Գոյություն ունի 27 ցերեկային խնամքի ծառայություն, որից 7-ը գտնվում է Երևանում:
Անահիտ Գևորգյանը կարևորեց ծերերի համար ցերեկային խնամքի ծառայությունները. «Այսօր արդեն ՀՀ-ում 5000 տարեց մարդ օգտվում է այդ ծառայություններից, որոնք իրենց մեջ ներառում են կենցաղային, հոգեբանական, բժշկական և իրավաբանական ծառայություններ»:
Խոսելով տարեցների կենսաթոշակի մասին՝ բանախոսն ասաց, որ այն մարդիկ, որոնց աղքատության միավորը 33 և ավելի է և չունեն աշխատանքային ստաժ, բացի 13 հազար դրամից՝ կտրամադրվի նաև 16 հազար դրամ՝ որպես նպաստ:
Նա տեղեկացրեց, որ այժմ Մարալիկում կառուցվում է սոցիալական տուն, որը ծերերին կապահովի ոչ միայն բնակարանով, այլ նաև անհրաժեշտ ծառայություններով: Նման սոցիալական տներ այժմ կան Հայաստանում, որոնցից մեկը գտնվում է Երևանում, երկուսը՝ Գորիսում։
«Խնդիր է նաև այն, որ մենք չունենք ծերաբան և ծերաբույժ: Խորհրդային տարիներին ունեինք, և այդ ինստիտուտը շատ արդյունավետ էր աշխատում. այժմ ևս դրա կարիքը կա»,- ամփոփեց նա:









































