Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլաևը հայտարարել է, որ մինչև 2015 թվականն Ադրբեջանում գազի արդյունահանման ծավալը հասցվելու է տարեկան 30 միլիարդ խորանարդ մետրի, իսկ մինչև 2025 թվականը՝ 50 միլիարդ խորանարդ մետրի.
«Դա կավելացնի Ադրբեջանի կարևորությունը ոչ միայն տարածաշրջանի, այլև Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից: 2020 թվականին Եվրոպան սպառվող գազի 70 տոկոսը ներկրելու է արտասահմանից, իսկ մինչև 2035 թվականն այդ ցուցանիշը հասնելու է 80 տոկոսի: Այդպիսի պայմաններում Ադրբեջանը կարող է մեծ դեր խաղալ Եվրոպայի էներգոանվտանգության հարցում: Այժմ Ադրբեջանը նավթամթերք է արտահանում դեպի 30 երկիր:
Ադրբեջանի ածխաջրածինների պաշարները նախնական տվյալներով գնահատվում են 10 միլիարդ տոննա՝ նավթային համարժեքով: Իսկ ածխաջրածինների ապացուցված պաշարները գնահատվում են 4.5 միլիարդ տոննա: Ներկայումս Ադրբեջանում նավթի արդյունահանմամբ զբաղվում են 20 երկրների 50 ընկերություններ: Նավթի օրական արդյունահանումը հասել է մինչև 140,000 տոննայի»:









































