Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ` Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հաստատել է այն տեղեկատվությունը, որ Իրանի ու «Վեցյակի» միջև «միջուկային» բանակցություններն անցկացվելու են ապրիլի 14-ին Ստամբուլում:
Ավելի վաղ այդ տեղեկատվությունը հաստատել էին Իրանն ու ԵՄ-ը: Նշվում է, որ Իրանի և «Վեցյակի» միջև հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Բաղդադում, եթե, իհարկե, կողմերը Ստամբուլում որոշեն հետագայում ևս շարունակել իրենց բանակցությունները:
Հիշեցնենք, որ ամերիկյան The New York Times թերթը գրել է, թե Իրանի հետ բանակցություններում «Վեցյակը» ներկայացնելու է երկու հիմնական պահանջ: Վաշինգտոնն ու նրա եվրոպական դաշնակիցներն Իրանից պահանջելու են ապամոնտաժել ոչ վաղ անցյալում խոր գետնի տակ կառուցված Ֆորդոյի միջուկային օբյեկտը:
Բացի այդ, արևմտյան երկրները մտադիր են պահանջել բարձր հարստացված ուրանի, որը ծառայում է որպես միջուկային ռեակտորների վառելիք, արտադրության դադարեցում և այդ վառելիքի պաշարների Իրանի տարածքից դուրսբերում:








































