Ֆլորիդայից պաստոր Տերրի Ջոնսը WABC Radio-ի եթերում Իրանին վերջնագիր է ներկայացրել: Նա սպառնացել է այրել Ղուրանը, եթե իրանական իշխանությունները բաց չթողնեն քրիստոնյա եկեղեցական Յուսեֆ Նադարխանիին, ում դատապարտել են մանապատժի:
«Եթե նրանք բաց չթողնեն Յուսեֆ պաստորին մինչև ապրիլի 28-ը, ապա մենք կկազմակերպենք Ղուրանի ու Մուհամմեդ մարգարեի պատկերի այրման համաշխարհային ակցիա»,- հայտարարել է Տերրի Ջոնսը:
Ծրագրի հաղորդավարի հարցին` արդյոք նա գիտակցո՞ւմ է, որ իր գործողություններով կարող է հրահրել մուսուլմանների կողմից բռնության ալիք, Ջոնսը պատախանել է, որ ինքը փաստացի ընտրության հնարավորություն չունի: Նա հավելել է, որ պետք է բողոքի ալիքն այնպիսին լինի, որ գրավի մուսուլման հասարակության ուշադրությունը:
Յուսեֆ Նադարխանին կալանավորվել էր 2009 թ. սեպտեմբերի 22-ին, իսկ 2010 թ. սեպտեմբերին նրան դատապարտել էին մահապատժի:
Համաձայն Գերագույն դատարանի որոշման` հոգևորականին մեղադրում են իսլամից հրաժարվելու ու քրիստոնեություն ընդունելու մեջ: Նրան նաև մեղադրում են իսլամից հրաժարված մարդկանց կնքելու մեջ:
Միևնույն ժամանակ իրանական իշխանությունները հերքում են այդ տվյալները` պնդելով, որ Նադարխանին մեղադրվում է բռնաբարության ու խաբեբայությամբ գումարներ շորթելու մեջ:











































