Հունաստանի ադմինիստրատիվ բարեփոխումների նախարարության շենքում ապրիլի 9-ի գիշերը հրդեհ է բռնկվել, երբ շենք են նետել մոլոտովյան կոկտեյլ: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Հրդեհի հետևանքով գրեթե ամբողջությամբ այրվել է շինությանը հարակից կառույցի առաջին հարկը, անգամ տուժել են մոտակայքում կայանված ավտոմեքենաները:
Տեղի ոստիկանությունը հարձակման մեջ կասկածում է հակակառավարական ցուցարարներին, որոնք նման կերպ փորձել են հրդեհել մի քանի բանկ, արտասահմանյան դեսպանատներ ու խոշոր ընկերություններ:
Հունաստանում հակակառավարական ցույցերն սկսվեցին երկու տարի առաջ, երբ երկրի ղեկավարությունն սկսեց կիրառել բյուջետային միջոցների խնայողություն: Դրանից տուժեց հատկապես միջին խավը, որը հասարակության մեջ հարուցեց դժգոհութունների ալիք: Այդուհանդերձ, Հունաստանի կառավարությունը շարունակում է տնտեսական քաղաքականությունը, քանի որ հակառակ պարագայում երկրին կսպառնա դեֆոլտն ու եվրագոտուց դուրս գալու ճակատագիրը:









































