Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին մերժել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերականգնելու մասին Իրանի Քաղաքական նպատակահարմարության խորհրդի ղեկավար, Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի առաջարկը:
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Սեյեդ Հասան Ֆիրուզաբադին: Վերջինիս խոսքերով՝ այդ հարցն անգամ չի էլ քննարկվել.
«Այաթոլլահ Խամենեին անգամ չի մեկնաբանել տվյալ առաջարկը: Այն չի քննարկել նաև Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը, և այն չի գտնվում երկրի կառավարության օրակարգում: Նմանատիպ որոշումների ընդունումը պատկանում է բացառապես Խամենեիին: Վերջինս ցայժմ որևէ որոշում չի կայացրել տվյալ խնդրի շուրջ:
Մինչդեռ Վաշինգտոնն ամեն գնով փորձում է վերականգնել մեզ հետ հարաբերությունները՝ չնայած նրան, որ ԱՄՆ-ն Իսլամական հեղափոխության հաղթանակից անմիջապես անց պատերազմ հայտարարեց մեզ և պարտություններ կրեց դրա տարբեր փուլերում»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռաֆսանջանին International Studies Journal պարբերականի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանը պետք է բանակցություններ վարի ԱՄՆ-ի հետ.
«Երկու երկրների ներկայիս փոխհարաբերությունները չեն գտնվում փակուղում, ինչպես որ կարող է թվալ: ԱՄՆ-ը գերտերություն է, ինչպես որ Ռուսաստանը, Չինաստանը, Եվրոպան: Եթե մենք կարողանում ենք պայմանավորվել Եվրոպայի, Չինաստանի և Ռուսաստանի հետ, ապա ինչո՞ւ չենք կարող ուղիղ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ:
Երկխոսություն սկսելը չի նշանակում գործել՝ որպես ԱՄՆ-ի խամաճիկներ: Եթե ԱՄՆ-ը կարողանա ընդունել մեր դիրքորոշումը, իսկ Իրանը՝ նրա դիրքորոշումը, ապա կարող լինել հաջող երկխոսություն»:











































