Գիտնականներն առաջարկում են կույրաղիքի սուր բորբոքումները բուժել առանց վիրահատական միջամտության՝ հակաբիոտիկների միջոցով: Խոսքն իհարկե չի վերաբերում բարդություններին: Medical Xpress-ի փոխանցմամբ՝ հետազոտությունն անցկացրել է Նոթինգհեմի թագավորական բժշկական կենտրոնի գիտական խումբը:
Հետազոտության համար ընտրվել են կույրաղիքի ցուպիկի սուր, սակայն ոչ բարդացած բորբոքում ունեցող հիվանդները: 430 հիվանդ ենթարկվել են վիրահատության, իսկ 470-ը բուժվել են հակաբիոտիկներով:
Հետազոտության արդյունքներով՝ հակաբակտերիալ թերապիա ստացած հիվանդների 63 տոկոսը բարեհաջող է անցել բուժման կուրսը: Նրանց մոտ ցավեր և բորբոքումներ հաջորդող մեկ տարվա ընթացքում ի հայտ չեն եկել: Ի դեպ, վիրահատված հիվանդների մոտ բարդությունների առաջացման ռիսկը 31 տոկոսով բարձր է եղել՝ այլըտրանաքային բուժում ստացածների համեմատ:
Հետազոտության հեղինակները եկել են այն եզրահանգման, որ կլինիկաներում մնալու տևողության և բուժման արդյունավետության առումով բուժման այդ երկու տաբերակները գործնականում չեն տարբերվում:
Ըստ այդմ՝ հետազոտողները առաջարկում են վիրահատական միջամտություն ցուցաբերել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:









































