Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն լրագրողների հետ այսօրվա զրույցում անդրադարձել է Ադրբեջանի տարածքում գտնվող և Ռուսաստանի կողմից վարձակալված Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) խնդրին.
«Ռուսաստանին և Ադրբեջանին հաջողվել է հարթել Գաբալայի ՌՏԿ-ի վերաբերյալ բազմաթիվ տարաձայնություններ: Շուտով ձեռք կբերվի Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության պայմանագրի երկարաձգման պայմանավորվածությունը:
Գաբալայի ՌՏԿ-ի շուրջ մի շարք բանակցային փուլեր են իրականացվել երկու երկրների պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների միջև: Ընթանում է նորմալ բանակցային գործընթաց: Շատ հարցեր կարգավորված են, սակայն մնացել են նաև մի շարք հարցեր, որոնք կարիք ունեն մշակման ու կողմերի համար ընդունելի որոշման համաձայնեցման: Դրա համար էլ ես կարծում եմ, որ կողմերը կարող են հանգել պայմանավորվածության»:
Հիշեցնենք, որ Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության ժամկետը սպառվում է այս տարեվերջին: Ավելի վաղ նշվում էր, թե Ադրբեջանը Ռուսաստանից պահանջել է 43 անգամ ավելացնել Գաբալայի ՌՏԿ-ի վարձավճարը՝ տարեկան 7 միլիոն դոլարից այն հասցնելով 300 միլիոն դոլարի:







































