ԱՄՆ-ը կարող է պահպանության տակ գտնվող կենդանիների ցուցակում փոկերի երկու տեսակ ներառել: Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ԱՄՆ-ի ազգային վարչությունը փորձագիտական զեկույցներ է հրապարակել Ալյասկայում փոկերի թվաքանակի բնապահպանական վիճակի մասին և առաջարկել հանրային քննարկում անցկացնել, որպեսզի դրա արդյունքներով նորացվի վտանգի եզրին հայտնված կենդանատեսակների ցուցակը:
NOAA-ն զեկույց է հրապարակել երկու տեսակի փոկերի՝ 259 հազար թվաքանակով Phoca hispida-ի և 170 հազար թվաքանակով Erignathus barbatus-ի մասին: Օրենքով սահմանված կարգով՝ 30 օրվա ընթացքում հանրային քննարկում կանցկացվի: Մասնագետները նաև փոկերի բնական միջավայրին սպառնացող կլիմայական փոփոխությունների վերաբերյալ կանխատեսումներ կանեն:
2011-ին անհայտ համաճարակի պատճառով 150 փոկ սատկեց: Ալյասկայի Ֆեյրբենքս համալսարանի գիտնականները փոկերի զանգվածային ոչնչացման պատճառների պարզման նպատակով լաբորատոր հետազոտություններ են անցկացրել: Ըստ մասնագետների՝ ամենահավանական պատճառը կենդանիների շրջանում տարածված գրիպի՝ H3N8 շտամն է:







































