Սերբիայի կառավարության ներկայացուցիչները Կոսովոյի մայրաքաղաք այցելության ժամանակ չորեքշաբթի երեկոյան անհայտ անձանց կողմից հարձակման են ենթարկվել։ Այս մասին հաղորդում է Սերբիայի կառավարության մամլո ծառայությունը:
Մի խումբ մարդիկ քարեր են նետել սերբական պատվիրակության ավտոմեքենաների վրա, ընդ որում՝ պաշտոնյաներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել:
Միջադեպի առնչությամբ Սերբիայի վարչապետ Միրկո Ցվետկովիչը ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնին, Կոսովոյում ՄԱԿ–ի առաքելության ղեկավար Ֆարիդ Զարիֆին և Կոսովոյում ԵՄ առաքելության զեկավար Կսավիե Բու դե Մարնակին իր դժգոհությունն է հայտնել: Ցվետկովիչը Կոսովոյում միջազգային առաքելությունների ղեկավարներից պահանջել է անհապաղ հետաքննություն անցկացնել և հայտնաբերել խուլիգաններին:
Սերբական պատվիրակությունը Կոսովոյի մայրաքաղաքում գտնվում էր համաձայնագրերի ստորագրման նպատակով։ Այդ հարցի շուրջ Բելգրադի և Պրիշտինայի ներկայացուցիչները Բրյուսելում պայմանավորվել էին։
«Խոսքը ծայրահեղականների՝ հարավային ինքնավարության սերբ բնակչությանը վախեցնելու, երկխոսությանը խոչընդոտելու ևս մեկ փորձի մասին է»,- նշել է Ցվետկովիչը:
Կոսովոյի ալբանական իշխանությունները 2008 թվականին միակողմանիորեն Սերբիայից անկախություն հռչակեցին: Սերբերը չեն ճանաչում գերիշխանությունը, սակայն 2011 թ. մարտից Բելգրադը և Պրիշտինան Բրյուսելում տեխնիկական հարցերով բանակցություններ են վարում՝ քաղաքացիների ամենօրյա խնդիրները լուծելու և տարածաշրջանը ԵՄ-ին մերձեցնելու ուղղությամբ: