Միջազգային քրեական դատարանը մերժել է Լիբիայի իշխանությունների երկրորդ դիմումը՝ Քադաֆիի որդուն իրեն հանձնելու որոշումը հետաձգելու մասին: Այս մասին այսօր հայտնել է Միջազգային քրեական դատարանի մամլո ծառայությունը: Ինչպես նշվում է որոշման մեջ, Միջազգային քրեական դատարանը կկրկնի իր պահանջը նրա անհապաղ հանձնման մասին և կհիշեցնի լիբիական կողմից՝ հարցումներին պատասխանելու հաստատված ժամկետների խախտման մասին: Ավելի վաղ լիբիական իշխանությունների պատասխանի ժամկետները, կապված Սեյֆ Ալ-Իսլամ Քադաֆիի հետագա ճակատագրի հետ, արդեն բազմիցս հետաձգվել էր։ «Այս անգամ դատավորները հարցման մեջ չեն գտել «էական փաստարկներ», որոնք թույլ կտային բավարարել հետաձգման հերթական խնդրանքը»,– հաղորդում է ИТАР ТАСС-ը:
Անցած տարվա դեկտեմբերի սկզբին Միջազգային քրեական դատարանը «շտապ կարգով» լիբիական իշխանություններից պահանջել էր տեղեկություն այն մասին, թե երբ են նրանք մտադիր Սեյֆ Ալ-Իսլամին հանձնել Հաագային, և արդյո՞ք նրանք դա ընդհանրապես պատրաստվում են անել: Միաժամանակ պահանջել էր հայտնել, թե երբ և որտեղ դատարանի ներկայացուցիչները կարող են այցելել ձերբակալվածին, քանի դեռ նա գտնվում է Լիբիայի տարածքում, և պահանջել էին ապահովել Սեյֆի հանդիպումը փորձագետի հետ, որպեսզի գնահատվի «նրա ֆիզիկական և հոգեկան վիճակը»:
Միջազգային քրեական դատարանը 2011 թվականի հունիսի 27-ին Մուամար Քադաֆիի, նրա որդի Սեյֆ Ալ-Իսլամ Քադաֆիի և լիբիական հատուկ ծառայությունների նախկին ղեկավար Աբդուլա Աս-Սենուսիի ձերբակալման օրդեր էր տվել մարդկության դեմ հանցագործություններ կատարելու մեղադրանքով:











































