Առնվազն 10 մարդ է զոհվել, և մի քանի տասնյակ մարդ վիրավոր է Սոմալիի Ազգային թատրոնում չորեքշաբթի օրը տեղի ունեցած պայթյունի հետևանքով:
Պայթյունը տեղի է ունեցել, երբ վարչապետ Աբդիվելի Մոհամմեդ Ալին ելույթ ունենալիս է եղել Ազգային թատրոնի բեմից: Դահլիճում մահացել են Օլիմպիական կոմիտեի և Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարները: Զոհերի կոնկրետ թիվն այսօր դեռ հայտնի չէ:
Պայթյունի համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Ալ-Շաբաբ» խմբավորումը, որն «Ալ-Կաիդա»–ի գաղափարակիցն է:
Իշխանությունները պնդում են, որ պայթյունն իրականացրել է մահապարտ կինը, բայց «Ալ-Շաբաբ»–ի էջում նշվում է, որ ռումբը նախօրոք է դրվել դահլիճում:
«Ալ-Շաբաբ» խմբավորումը մինչև անցած տարվա ամառը գործնականում վերահսկում էր Սոմալիի սահմանային հատվածների մեծ մասը, մինչև որ Եթովպիայի և Սոմալիի իշխանությունները սկսեցին ահաբեկիչների դեմ լայնամասշտաբ գործողություններ իրականացնել։ Դրանից հետո այդ երկրներում աճել է ահաբեկչությունների թիվը։
«Ալ-Շաբաբ»–ը մամուլում հայտնի է նրանով, որ իր սեփական ռադիոկայանում ամեն տարի մրցույթ է անցկացնում՝ երեխաների շրջանում Ղուրան կարդալու և մահմեդականության մասին ընդհանուր գիտելիքներ ունենալու վերաբերյալ: Որպես մրցանակ՝ երեխաները ստանում են АК-47 ավտոմատներ և ռումբեր:
Այս տարվա փետրվարին «Ալ-Շաբաբ»–ը և «Ալ-Կաիդա»–ն հայտարարել էին իրենց միավորման մասին:









































