Գյումրիում այսօր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը ծառայողական պարտականությունները բարեխիղճ ու անձնվիրաբար կատարելու և ձյան գերության մեջ հայտնված մարդկանց օգնելու համար դրամական պարգևներ է հանձնել Շիրակի մարզային փրկարարական վարչության Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատի 9 հրշեջ-փրկարարների։
Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական կենտրոնից ու հիշեցնում, որ մարտի 18-ին Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատն Աղվորիկ գյուղի մերձակայքում օգնության էր հասել և ձնաբքից դուրս բերել հղի կնոջը հիվանդանոց տեղափոխող ավտոմեքենան։ Նույն օրը Ծաղկուտ գյուղի մոտ ջոկատի հրշեջ-փրկարարներն օգնություն են ցուցաբերել ձնաբքի մեջ մնացած հիվանդ երեխային և նրան հիվանդանոց տեղափոխող ծնողներին։
ԱԻ նախարարը Շիրակի մարզային փրկարարական վարչությանը տրամադրել է «ՈւՐԱԼ» մակնիշի ամենագնաց ավտոմեքենա, որը կահավորված է 15 մարդու համար նստատեղերով, սրահի ջեռուցման առանձին համակարգով, թեյի և սուրճի պատրաստման համար էլեկտրական սարքավորումով, ջրի տարողությամբ, փրկարարական պարանով, ավտոմեքենաները քարշակելու համար մետաղյա ճոպանով, լապտերներով, չոր սննդամթերքով, առաջին անհրաժեշտության դեղորայքով և տաք ծածկոցներով։











































