ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խայթող պատասխան է տվել ամերիկացի լրագրողներին` Սեուլում իր և ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի խոսակցության լսված մասերի հրապարակման վերաբերյալ:
Անցյալ շաբաթվա սկզբին Սեուլում տեղի էր ունեցել Օբամայի և Մեդվեևի առանձնազրույցը, որի ժամանակ, ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, Օբաման Մեդվեդևից խնդրել է «հետաձգել հակահրթիռային պաշտպանության շուրջ բանակցությունների ժամկետը, մինչև ԱՄՆ-ում կավարտվեն նախագահական ընտրությունները»: Ամերիկացի նախագահի խոսքերով՝ ընտրություններից հետո «ինքն ավելի ճկուն կլինի» հակահրթիռային պատշպանության հարցերի հետագա քննարկման համար: Այս հայտարարությունն առաջ է բերել հանրապետականների բուռն ռեակցիան:
Երեքշաբթի օրը Բարաք Օբաման հանդես է եկել ամերիկյան ԶԼՄ-ների առաջ՝ պատմելով իր վարչակազմի ծրագրերի մասին, ինչպես նաև քննադատել է հանրապետականներին` բյուջետային ոլորտում նրանց գործունեության համար: Նախագահն իր ելույթը սկսել է կատակով.
«Ես շատ ուրախ եմ ձեր հետ խոսել խոսափողով, որը տեսնում եմ: Ձեր լսածը կարող եք հանգիստ փոխանցել Վլադիմիրին (Պուտին), եթե նրան տեսնեք»,- ասել է Օբաման:
Լրագրողների կողմից այս արտահայտությունն ընդունվել է ծիծաղով:







































