Ադբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել ազատ արձակել բանտերում գտնվող լրագրողներին:
CPJ-ի տարածած հայտարարութան մեջ նշված է. «Եվրատեսիլ 2012-ի նախաշեմին ադրբեջանական բանտերում են գտնվում նվազագույնը 6 լրագրողներ. դա աշխարհի ամենաբարձր ցուցանիշներից է: Նրանք բոլորն էլ ձերբակալվել են հնարովի մեղադրանքներով ու քաղաքական դրդապատճառներով:
Մենք նախագահ Իլհամ Ալիևին կոչ ենք անում կատարել ստանձնած պարտավորությունները՝ ապահովելու համար մամուլի ազատության միջազգային չափորոշիչների պահպանումը, և անհապաղ, առանց որևէ նախապայմանի ազատ արձակել նրանց: Իլհամ Ալիևը պետք է համակարգային բարեփոխումներ իրականացնի ու հետաքննի Ադրբեջանում մամուլի ազատության վատթարացման պատճառներն ու փաստերը»:
Ադրբեջանական գործակալությունն իր հերթին նշում է, որ «Եվրատեսիլ 2012»-ի նախաշեմին Ադրբեջանի իշխանությունները մեծ գումարներ են ծախսում երկրի իմիջի բարելավման վրա՝ միաժամանակ ճնշելով երկրի ներսում իրենց քննադատողներին:









































