Մայրաքաղաքի երթուղային նոր ցանցն ընդունվել է առանց հասարակական քննարկումների, և դա աղաղակող երևույթ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման հայտարարություն արեց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:
«Սա առանց հասարակական կառույցների համաձայնության է ընդունվել: Դա անհնար է: Ես միշտ սպասում էի, թե երբ պետք է գա այդ փուլը, որ մենք մեր ասելիքն ասենք: Ստացվում է, որ առանց իրականում քննարկելու՝ հաստատվել է»,- ասաց նա:
Ա. Պողոսյանի խոսքով՝ ավտոբուսների և միկրոավտոբուսների հարաբերակցության փոփոխությունը՝ հօգուտ ավտոբուսների, լավ է, բայց բավարար չէ. «Երևանի գլխավոր հատակագծով նախատեսված է, որ միկրոավտոբուսների քանակը 2020թ. պետք է հասցվի 19.2%-ի: Փոխոխության տեմպը մեզ չի բավարարում, և այդ տեմպերով մենք արդյունքի կհասնենք Քրիստոսի երկրորդ գալուստի ժամանակ»:








































