Azamara Quest զբոսաշրջային նավի անձնակազմի 5 անդամներ վիրավորվել են նավի վրա բռնկված հրդեհի հետևանքով, որը լողում էր վնասված շարժիչով Սուլու ծովում` Ֆիլիպիններից հարավ-արևմուտք: Նավի բազմաթիվ ուղևորներից ոչ ոք չի տուժել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը` հղում կատարելով ֆիլիպինյան առափնյա պահպանության աշխատակիցներին:
Ինչպես հայտարարել է նավի օպերատոր-ընկերությունը, ներկայում տեխնիկական անձնակազմը զբաղվում է վերանորոգմամբ: Երբ նավը պատրաստ լինի նավարկության, այն կշարունակի իր հերթական նավարկությունը դեպի Սանդական (Կալիմանտան կղզի, Մալայզիա):
Նավի վրա գտնվել է ընդհանուր առմամբ 590 ուղևոր, հիմնականում Եվրոպայից ու Ամերիկայից, ինչպես նաև նավի 411 հոգանոց անձնակազմն ու սպասարկող անձնակազմը:
Հրդեհը ծագել է ուրբաթ երեկոյան ու մարվել է նավի անձնակազմի ջանքերով:









































