Հայաստանի նախընտրական թոհուբոհի և դրա թեժացման բովում բավական աննկատ մնաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ամերիկյան այցը, որը ըստ էության աննախադեպ ներկայացուցչական այց էր: Սեյրան Օհանյանը Վաշինգտոնում հանդիպումներ ունեցավ ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավարի, Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի, նաև պետքարտուղարության բարձրաստիճան դիվանագետների հետ, իսկ Երևան վերադառնալով՝ հայտարարեց, որ հայ-ամերիկյան ռազմական գործակցությունը կընդլայնվի:
Հայաստանի անկախությունից ի վեր հայ-ամերիկյան հարաբերությունը կառուցվել է հիմնականում ֆինանսատնտեսական առանցքով: ԱՄՆ-ը անկախությունից ի վեր միայն 2 միլիարդ դոլարից ավելի տարատեսակ նվիրատվություններ է արել Հայաստանին: Քաղաքական հարաբերությունը զարգացել է այնքանով, որքանով առաջ է գնացել տնտեսական առանցքով կառուցված հարաբերությունը: Իսկ ռազմական գործակցության ոլորտում ԱՄՆ-Հայաստան հարաբերությունը թերևս ամենազգուշավորն էր, և Վաշինգտոնը հասկանում էր՝ այդ ոլորտի հանդեպ որքան խանդոտ կարող է լինել Մոսկվան:
Ներկայումս ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, որ հայ-ամերիկյան հարաբերության մակարդակը բարձր է ինչպես երբևէ: Դա նշանակում է, որ տնտեսական առանցքը տալիս է արդեն իր քաղաքական էֆեկտները: Այստեղ դրսևորվում է ամերիկյան քաղաքականության նրբությունը: Ռուսաստանի հետ ճակատային դիմակայությունից խուսափելով՝ ԱՄՆ-ը Հայաստանի հետ հարաբերությունը փաստացի կառուցեց առարկայական փոխշահավետության վրա՝ դրանով իսկ գրեթե զրոյից ստեղծելով քաղաքական կայուն հարաբերության հիմք: Եվ ներկայումս ԱՄՆ կարծես թե սկսել է կառուցել այդ հիմքի վրա առաջին հարկերը:
Այստեղ թերևս էական նշանակություն է ստանում ռազմական ոլորտը: Դա, իհարկե, անխուսափելի էր, որովհետև ռազմական ոլորտը պետական կառավարման, պետական քաղաքականության առանցքային ոլորտներից մեկն է, և անհնար է Հայաստանի լիարժեք արդյունավետ հարաբերություն ԱՄՆ-ի պես գերտերության հետ, եթե այդ ոլորտը չի ներառվում հարաբերության ինտենսիվ ոլորտների շրջանակ: Եվ այն, որ Հայաստանի նախընտրական շրջանում տեղի է ունենում նախարարի այդօրինակ ներկայացուցչական այց, հատկապես՝ նախընտրական Հայաստանում ԱՄՆ դեսպանի, այսպես ասած, դիտորդական ակտիվ ինքնադրսևորման ֆոնին, հուշում է, որ հայ-ամերիկյան հարաբերության մեջ տեղի է ունենում իսկապես նշանակալից մի բեկում, որը կարող է հանգեցնել ոչ միայն ներհայաստանյան, այլ նաև տարածաշրջանային լրջագույն փոփոխությունների կայուն վեկտորի ձևավորման:
Խնդիրն այն է, որ ԱՄՆ-ը արդեն իսկ նրբորեն փորձում է ներգրավվել նաև մի ոլորտ, որը Հայաստանում թե փաստացի, թե հոգեբանորեն ընկալվում է իբրև ռուսական անվերապահ գերիշխանության տիրույթ: Այդ տեսանկյունից թերևս փոքր-ինչ անարդար է պաշտպանության նախարարի ամերիկյան այցի հանդեպ հրապարակային ուշադրության նվազ աստիճանը թե քաղաքական, թե փորձագիտական շրջանակներում: Կա՛մ այդ շրջանակներում չի գիտակցվում լրջագույն այդ վեկտորի ձևավորման հանդեպ համարժեքության կարևորությունը՝ ոչ միայն քաղաքական, այլ ամենից առաջ նաև պետական ու հասարակական շահի տեսանկյունից, կա՛մ էլ պարզապես գիտակցվում է վախի աստիճան՝ վախ փոփոխությունների հանդեպ, ինչը Հայաստանի քաղաքական դաշտում ըստ էության գրեթե բնածին արատ է:









































