Մարտի 29-ին ուկրաինական հիվանդանոցներից մեկում մահացավ Օքսանա Մակարը, ում ենթարկել էին խմբակային բռնաբարության, ինչից հետո նրան փորձել էին խեղդամահ անել և հետո վառել քաղաքի շինհրապարակներից մեկում: Կասկածյալներին սկզբում ձերբակալել էին, հետո ազատ արձակել: Այն լուրերը, որ նրանց հետևում քաղաքական դեմքեր են կանգնած, ստիպել է հարյուրավոր մարդկանց փողոց դուրս գալ: Այս մասին գրում է The New York Times-ը:
«Ուկրաինացիների համար ապշեցուցիչ էին աղջկա տանջանքները: Նա դարձել է նախկին խորհրդային այս երկրում վաղուց հասունացած դաժանության զոհը, որի պատճառը կառավարության անօգնական և ապօրինի թողտվությունն է: Միայն փողոցային ցույցերից և նախագահ Յանուկովիչի անմիջական միջամտությունից հետո փոքրիկ հարավային այս քաղաքի ոստիկանությունը կրկին ձերբակալել է երիտասարդներին: Ուրբաթ օրը նրանց, ինչպես նաև երրորդ կասկածյալին, որը բանտում է գտնվում, սպանության հոդվածով մեղադրանք է ներկայացվել»,- ասվում է հոդվածում:
Հիշեցնենք` մարտի 9-ի լույս 10-ի գիշերը Եվգենի Կրասնոշեկը, Արտյոմ Պողոսյանը և Մաքսիմ Պրիսյաժնյուկը 18-ամյա Օքսանայի հետ ծանոթացել էին բարում և հրավիրել տուն: Խնջույքի ընթացքում աղջկան հերթով բռնաբարել էին: Այնուհետև խուճապի մատնված երիտասարդները փորձել էին էլեկտրական լարով խեղդել իրենց հյուրին: Մեկ ժամ սպասել էին և, կարծելով, թե Օքսանան մեռած է, բռնարարները նրան փաթաթել էին ծածկոցով, տարել լքված մի շինհրապարակ, որտեղ վրան բենզին էին լցրել ու այրել: Սակայն աղջկան հաջողվել էր ողջ մնալ: Մարտի 10-ի առավոտյան աղջկա ճիչերն ու տնքոցները լսել էր պատահական մի անցորդ, ով նախ շտապօգնություն էր կանչել, այնուհետև դիմել ոստիկանություն: Հետո գործով զբաղվել էին ոստիկանները: Աղջիկը, դեռ ի վիճակի լինելով խոսել, ոստիկաններին հայտնել էր հանցագործների անունները:










































