Անհրաժեշտ է համոզել Ռուսաստանին դուրս գալ BRICS խմբի կազմից և նրան այլընտրանք առաջարկել՝ դառնալ Եվրամիության գործընկերը. նման առաջարկ է անում բրիտանական The Times պարբերականի դիվանագիտական բաժնի խմբագիր Ռոջեր Բոյզը Դելիում անցկացված BRICS գագաթնաժողովին նվիրված հոդվածում:
BRICS-ի ՀՆԱ-ն կարող է գերազանցել եվրոգոտու ՀՆԱ-ն, դա միանգամայն լիիրավ պետությունների ընկերակցություն է: «Սակայն այս ակումբը գնալով ավելի շատ է ցուցաբերում քաղաքական օբստրուկցիոնիզմ: Ռուսաստանի նախաձեռնությամբ՝ նա փորձում է մշակել որոշակի հատուկ ոգի, որն այդ ակումբին կմղի ԱՄՆ-ի և G7-ի արդյունաբերական զարգացած երկրների հետ մրցակցության: Այդ ոգին նաև կստիպի BRICS-ին մարդասիրական ինտերվենցիաների շուրջ քննարկումերում աջակցել ոչ այն կողմին»,- գրում է հոդվածագիրը:
Նրա կարիծքով՝ վերը նկարագրվածը BRICS-ի շահերից չի բխում, դա պարզապես ավելի է սրում տարաձայնությունները անդամ երկրների միջև՝ դրանք հարթելու փոխարեն: «Ամենասարսափելին այն է, որ BRICS-ի անդամակցությունը Չինաստանին շեղում է իր համաշխարհային պարտականություններից՝ խրախուսում է Պեկինին աջակցել Մոսկվայի քաղաքական ձգտումներին»,- գրում է Բոյզը:
Ռուսաստանին հարմար չէ BRICS-ը, սակայն նա կարծում է, որ բլոկին անդամակցությունը միջոց է՝ վերականգնելու իր ազդեցությունը այն տարածաշրջաններում, որտեղ նրա դիրքերը թուլացել էին ԽՍՀՄ անկումից հետո: Սակայն Չինաստանի և Հնդկաստանի համար Ռուսաստանն ընկեր չէ. նրա եկամուտները կախված են նավթագազային արտահանումից, իսկ բնակչությունը կրճատվում է,- ենթադրում է հեղինակը: BRICS-ից դուրս գալը ազատություն կլինի Ռուսաստանի համար:
Հեղինակն առաջարկում է Ռուսաստանին ինտեգրել Եվրոպային, բանակցություններ վարել Բրազիլիայի հետ երկկողմ համագործակցության համար և ամբողջությամբ հրաժարվել BRICS հապավումից, քանի որ «այն հորինվել է՝ որպես համաշխարհային միտումների սրամիտ մականուն»:









































