Փարիզյան հայտնի Լուվր թանգարանում բացվել է ցուցադրություն, որը կրում է «Սուրբ Աննա. Լեոնարդոյի վերջին գլուխգործոցը» խորագիրը:
Այցելուները հնարավորություն կունենան դիտելու Լեոնարդո դա Վինչիի «Սուրբ Աննան և նորածին Քրիստոսը» (շուրջ 1510 թ.) կտավը, որը 2011 թ. ռեստավրացիայի էր ենթարկվել:
Կտավի վերականգնումից հետո որոշ մասնագետներ Լուվրին մեղադրել էին ոչ ճիշտ աշխատանքի մեջ: Ֆրանսիացի փորձագետները մասնավորապես մատնանշում են, որ կտավի գույները ռեստավրացիայից հետո ուժեղ լուծիչների հետևանքով դարձել են շատ վառ և կտավը շատ են պայծառացրել:
Երկու փորձագետներ` Սեգոլեն Լանգլը և Ժան-Պիեռ Կյուզանը, որպես բողոքի նշան, դուրս են եկել Լուվրի ռեստավրացիայի միջազգային կոմիտեից:
Ցուցահանդեսը կտևի մինչև հունիսի 25-ը: Բացի «Սուրբ Աննայից»` ցուցադրված են նաև «Ջոկոնդայի» պատճենը «Պրադո» թանգարանից, որն արվել է Լեոնարդոյի կյանքի օրոք:
Որոշ տեղեկությունների համաձայն` Լեոնարդոն «Սուրբ Աննայի» վրա աշխատել է մինչև իր մահը` 1519 թ., քանի որ այն համարում էր ոչ ավարտուն:








































