Ֆրանսիայում աճուրդի տունը վաճառքի կհանի կտտանքների հարյուրավոր գործիքներ: Այս մասին այսօր հայտնել է The Local-ը:
Հավաքածուում կան այնպիսի գործիքներ, որոնց տարիքը գերազանցում է 300 տարին: Վաճառքի ենթակա իրերի թվում են պարաններ` կախաղան բարձրացնելու համար, ոսկորները փշրող գործիքներ, խոշտանգման աթոռներ, ինչպես նաև լոգնոց, որտեղ պահվել են կտրված գլուխները:
Հավաքածուն հավաքել է Ֆրանսիայի վերջին դահիճներից Ֆերնան Մեյսոնիեն, ով 1950-1960-ականներին աշխատել է դեռ ֆրանսիական տիրապետության տակ գտնվող Ալժիրում:
Խոշտանգման գործիքները ու այլ իրեր ապրիլի 3-ին կվաճառվեն Փարիզի Cornette de Saint-Cyr աճուրդի տանը: Կազմակերպիչները վստահեցնում են, որ Մեյսոնիեն վաճառքի հանված գործիքներից և ոչ մեկն անձամբ չի օգտագործել:
Ի դեպ, մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ (Amnesty International, Human Rights League, Movement Against Racism) արդեն դատապարտել են աճուրդի անցկացումը` այն անվանելով «շոկ առաջացնող ու անբարոյական»:









































