Այսօր Բրյուսելում Եվրախորհրդարանն իր լիագումար նիստում կոչ է արել Բելառուսի դեմ մշակել և ընդունել նոր «սահմանափակող միջոցառումներ», այդ թվում` տնտեսական պատժամիջոցներ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Փաստաթղթում ողջունվում է ավելի վաղ Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված` Բելառուսից ևս 21 ֆիզիկական անձանց «սև ցուցակում» ներառելու փաստը: Վերջիններիս արգելվում է այսուհետ մուտք գործել ԵՄ, իսկ նրանց ակտիվները ԵՄ-ում սառեցվում են:
Պատգամավորները դատապարտել են Բելառուսում իրավապաշտպանների, ընդդիմադիր գործիչների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների ու անկախ ԶԼՄ-ների հետապնդումը քաղաքական պատճառներով:
«Մեկուսանալու փոխարեն Մինսկը պետք է ճիշտ ընտրություն կատարի իր ժողովրդի հետաքրքրության շրջանակում ու բացի դռները դեմոկրատիայի առաջ»,- նշված է Եվրախորհրդարանի բանաձևում:
Բացի այդ` ԵՄ պատգամավորները կոչ են արել ԵՄ անդամ երկրների հոկեյի ֆեդերացիաներին մայիսին Հելսինկիում կայանալիք Հոկեյի միջազգային ֆեդերացիաի կոնգրեսում վերանայել 2014թ. Բելառուսում կայանալիք աշխարհի առաջնության անցկացման վայրը` դրա անցկացման իրավունքը վերապահելով մեկ այլ երկրի:
Բանաձևում նաև կոչ է պարունակվում Եվրախորհրդարանին` քաղաքական ու ֆինանսական միջոցներով աջակցել բելառուսական քաղաքացիական հասարակությանը, անկախ կազմակերպություններին ու ԶԼՄ-ներին:









































