Եգիպտացի ուղտապանները սպառնացել են երկրի մայրաքաղաք քշել հազարավոր ուղտերի և արգելափակել կառավարության և Գյուղատնտեսության նախարարության շենքերը, եթե այդ գերատեսչությունը չհանի տարբեր մարզերի միջև ուղտերի քարավանների ազատ տեղաշարժի սահմանափակումները: Այս մասին հաղորդում են եգիպտական ԶԼՄ-ները:
Եգիպտոսի տարբեր շրջանների միջև կենդանիների, այդ թվում՝ ուղտերի ազատ տեղափոխումը և տեղաշարժը արգելող որոշումն ընդունվել է երկրի Գյուղատնտեսության նախարարության կողմից՝ դաբաղի (տնային կենդանիների սուր ինֆեկցիոն հիվանդություն) տարածման լուրջ վտանգը կանխելու համար, ինչ գրանցվել էր մի քանի մարզերում: Դրա դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից է կենդանիների մեկուսացումը:
Կահիրեում նախարարության շենքի շրջափակումից բացի՝ ուղտապանները սպառնում են իրենց պահանջը չկատարելու դեպքում ուղտերով փակել երկրի հարավային՝ Ասուան տանող գլխավոր ճանապարհները, ինչպես նաև Կարմիր ծովի մարզերի գլխավոր ճանապարհները: Հենց այդ շրջաններում են գտնվում զբոսաշրջիկների շրջանում հայտնի Աբու-Սիմբելի պատմական տաճարները և Հուրգադա ծովափնյա առողջարանը:
Իրենց համառությունն ուղտապանները հիմնավորում են օբյեկտիվ պատճառաբանությամբ. ամեն շաբաթ նրանք եվգիպտական մի մարզից մյուսն են տեղափոխում ավելի քան 6000 կենդանի, իսկ տեղի նեքին շուկայում ուղտի միսը կազմում է ընդհանուր պահանջարկի 40%-ը: Նախարարության անասնաբուժական վարչությունը չի արձագանքել ուղտապանների վերջնագրին:
Այս պահին Եգիպտոսի մի քանի մարզերում հայտնաբերվել է դաբաղով վարակված 50 հազար գլուխ անասուն: Հիվանդությունից սատկած անասունների թիվը հաշվվում է մի քանի հարյուրներով:
Դրության լրջության մասին է վկայում այն փաստը, որ դաբաղի դեմ պայքարելու հարցը ներկայացվել է Եգիպտոսի կառավարության քննարկմանը:









































