Թեև նախընտրական քարոզարշավը դեռևս չի մեկնարկել, սակայն ընտրապայքարն արդեն իսկ բորբոքվել է:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով գրանցվել է առաջին զոհը: Արագածոտնի մարզի Թալին քաղաքի մեր աղբյուրները տեղեկացրին, որ Թալինի քաղաքապետ, թիվ 15 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Մնացական Մնացականյանի շրջապատի ճնշումների պատճառով կաթված է ստացել Թալինի բնակիչ, հեռուստացույցեր վերանորոգող Արսեն Մկրտչյանը:
Բանն այն է, որ Մկրտչյանը հայտնի թալինցի Բադալովի ազգականն է, որի անունով Թալինում շենք կա, որը կառուցվել է դեռևս 1910-ականներին: Մկրտչյանը, որպես Բադալովի ազգական հետևել է շենքին և այնտեղ է գտնվել նաև նրա արհեստանոցը: Այս շենքում նաև տարածք է վերցրել և վերանորոգել նույն ընտրատարածքի ներկայիս ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանը, որպես իր նախընտրական շտաբ:
Սակայն այն բանից հետո, երբ ՀՀԿ-ն Մանուկյանին արգելվել էր առաջադրվել թիվ 15 ընտրատարածքում, Մանուկյանն այդ տարածքը տվել է անկուսակցական, նույն ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրած Արմեն Սարգսյանին: Իսկ Մնացական Մնացականյանն էլ «աչք ունենալով» այդ տարածքի վրա, անընդհատ մարդիկ է ուղարկել Արսեն Մկրտչյանի մոտ` նրանից պահանջելով տարածքն իրեն տրամադրել, ինչի արդյունքում էլ, թերևս, Մկրտչյանը կաթված է ստացել: Այսօր նրա հուղարկավորությունն է: Թալինցիները պնդում են, որ Մկրտչյանը չափազանց պարկեշտ, խելոք, քաղաքականությունից հեռու, «իր աջը քաշած» մարդ է եղել, ու հենց այդ պատճառով էլ չի կարողացել դիմադրել Մնացականյանի ու նրա շրջապատի ճնշումներին:









































