Ճապոնիան պատրաստվում է Տոկիոյի կենտրոնում տեղակայել Patriot PAC-3 զենիթային հրթիռների համալիրներ՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի կողմից արձակվող հրթիռի: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոռչելով Ճապոնիայի պաշտպանության նախարար Նաոկի Տանակիի հայտարարությունը:
Ավելի վաղ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը կարգադրել էր մի քանի Patriot համալիրներ տեղակայել Օկինավա և Իսիգակի կղզիներում: Kiyodo գործակալության տվյալներով՝ եթե հանկարծ հյուսիսկորեական հրթիռը շեղվի ուղուց կամ ընկնի, Տոկիոն Արևելաչինական և Ճապոնական ծովերում կտեղակայի 3 էսկադրոնային ականակիր՝ զինված ամերիկյան Aegis ՀՀՊ համակարգով:
Հյուսիսկորեական հրթիռի ապրիլին նախատեսվող արձակման հետ կապված՝ այսօր Նաոկի Տանական կարգադրել է Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը մարտական պատրաստականության բերել: Սեուլն իր հերթին հայտարարել է, որ պատրաստվում է հարվածել հյուսիսային Կորեայի հրթիռը՝ եթե նրա հետագիծն անցնի Հարավային Կորեայի տարածքով:







































