«Այժմ գնդակը ՀԱԿ-ի դաշտում է, ինքը պետք է ասի, թե որն է իր «զոռբայության» պատճառը: Այս երկիրը պարտավոր չէ անընդհատ զիջել, և «Ժառանգությունը», առավել ևս, նման ցանկություն չունի: Իրենք է, որ պետք է բացատրություն տան, թե ինչու մյուս ընտրատարածքներում չեն հանում իրենց թեկնածուին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի կողմից առաջարկը մերժելուն, ասաց «ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հայտարարել էր, թե որոշել է հանել թիվ 7 ընտրատարածքում մեծամասնականով դրած իր թեկնածությունը:
Ս. Սաֆարյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ «Ժառանգության» և Կոնգրեսի ներկայացուցիչների միջև հանդիպում է կայացել և առաջարկվել է, որ մասնավորապես 21 ընտրատարածքներում միասնաբար զորակցեն ՀԱԿ-ի թեկնածուին, 7 ընտրատարածքներում` «Ժառանգության» թեկնածուին, մնացած 13-ում` Դաշնակցության թեկնածուին։
«Հանդիպման ընթացքում առաջարկվել է բոլոր ընտրատարածքներում թողնել մեկ թեկնածու։ Ցավոք սրտի, առաջարկը մերժվել է, և ՀԱԿ-ը այն, չգիտես ինչու, գնահատում է որպես պայման: Նախ, որևէ մեկի հետ կապված մեծ սպասելիքներ չունենք, որպեսզի պայման դնենք: Մենք լավագույն դեպքում կարող ենք ընդունել ժողովրդի որոշ հատվածների շրջանում առկա մտահոգությունը, որ լավ կլինի, եթե ընդդիմությունը, որքան էլ գաղափարապես տարբեր, բայց ամեն ընտրատարածքում մեկ թեկնածուով հանդես գա, ընդամենը ժողովրդի այդ մտահոգությանն ընդառաջ գնալով՝ առաջարկել ենք վերստին քննարկել հարցը, քանի դեռ ինքնաբացարկի ժամանակ կա, այն մերժվել է»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:
Վերջինս ՀԱԿ-ի վերաբերմունքն անհասկանալի է համարում. «Եթե ՀԱԿ-ը ասում է, որ ճիշտը բոլոր ընտրատարածքներում ընդդիմադիր ձայները չփոշիացնելն է, ապա ինքը պետք է անկեղծորեն քայլերի գնա, որպեսզի դա տեղի չունենա։ Իսկ եթե չի գնում, նշանակում է, որ անկեղծ չէ իր խոսքերի և հայտարարությունների մեջ: Իսկ թե դա ինչի արդյունք կարող է լինել, թույլ տվեք այս պահին լռեմ»:
«Առաջին լրատվական»-ը փորձեց առաջարկի մերժման առնչությամբ մեկնաբանություններ ստանալ նաև ՀԱԿ-ից: «Ես կասեմ այդ մասին, երբ որ նպատակահարմար համարեմ: Հիմա, այս պահին ասելիք չունեմ»,- ի պատասխան մեր հարցման փոխանցեց Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը:









































