Միլիարդատեր Դոնալդ Տրամպի որդիները` Դոնալդ և Էրիկ Տրամպները, կենդանիների հետ ունեցած լուսանկարների պատճառով Զիմբաբվեում դարձել են համընդհանուր ուշադրության առարկա: Կենդանիների պաշտպանության տեղի կազմակերպությունները հայտարարել են, որ հետաքննություն են սկսելու գործարարի որդիների նկատմամբ:
Այս աղմուկը բարձրացել էր դեռևս երկու շաբաթ առաջ, երբ համացանցում գործարարի որդիների լուսանկարներն էին հայտնվել՝ իրենց կողմից սպանված փղի պոչով: Առաջինը իրենց վրդովմունքը հայտնեցին ամերիկացի բնապահպանները և կենդանիների պաշտպանները:
Այժմ հայտնի չէ, թե տեղի բնապահպանների հետաքննությունը ինչ-որ իրավական հիմք կունենա, թե ոչ, և արդյոք դա կդառնա՞ լայնածավալ դատական գործընթաց, քանի որ Զիմբաբվեի և ԱՄՆ-ի հարաբերությունները շարունակում են բավական լարված մնալ նախագահ Ռոբերտ Մուգաբեի վարած քաղաքականության հետևանքով:
Միլիարդատեր Դ. Տրամպը արդեն ստիպված է եղել արդարանալ իր զավակների արարքի համար: Իր միկրոբլոգում նա գրել է. «Ես որսորդ չեմ և չեմ ոգևորում կենդանիների սպանությունը: Ես այդ թեմայի շուրջ լուրջ տարաձայնություններ ունեմ որդիներիս հետ: Ամեն դեպքում նրանք օրենք չեն խախտել և արել են այն, ինչ անում են բոլոր որսորդները»:









































