Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Մայքլ Մաքֆոլը շաբաթ օրը հայտարարել է, որ ինքը զբաղվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հանդիպման նախապատրաստություններով:
Մաքֆոլը նշել է, որ միջուկային անվտանգությանը նվիրված գագաթնաժողովից առաջ տեղի ունեցող հանդիպումը կլինի Օբամայի և Մեդվեդևի վերջին հանդիպումը` որպես երկրի նախագահներ: «Առաջին նման հանդիպումը կայացել էր 2009 թ. ապրիլի 1-ին»,- հիշեցրել է դեսպանը;
Ըստ ԱՄՆ դեսպանի՝ Մոսկվան և Վաշինգտոնը միասին կարող են լուծել համաշխարհային շատ կոնֆլիկտներ:
«Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ մենք ցանկանում ենք մնացած աշխարհին ազդանշան տալ մեծ գործերի վերաբերյալ. միջուկային զենքի արգելում, երրորդ աշխարհի երկրներում միջուկային զենքի հսկողություն, աշխատանք՝ Իրանի, Հյուսիսային Կորեայի հարցերով: Միացյալ Նահանգները և Ռուսաստանը միանման են նայում այս խնդիրներին և, որպես երկու մեծ տերություններ, կարող են փորձել միասին լուծել նման ճգնաժամերը»,- ասել է Մաքֆոլը:









































