Թուլուզյան հրաձիգ Մուհամմադ Մերայի ավագ
եղբայրն ու նրա ընկերուհին շաբաթ առավոտյան տեղափոխվել են Փարիզի արվարձաններից մեկի ոստիկանության հակաահաբեկչական բաժին և այժմ կալանքի տակ են: Այս մասին տեղեկացնում է France-Presse գործակալությունը:
Ավելի վաղ արդեն հայտնվել էր, որ չորեքշաբթի ոստիկանությունը ձերբակալել է երեք հոգու՝ կասկածյալի մորը, նրա եղբորն ու եղբոր ընկերուհուն: Մերայի եղբայրը կասկածվում է զինյալներին Իրաք ուղարկող գաղտնի խմբին անդամակցելու մեջ:
Ըստ РИА Новости-ի՝ հանցագործի մայրը կարող է կալանքից ազատվել հենց այսօր: Իսկ Աբդելկադեր Մերան և նրա ընկերուհին կարող են կալանքի տակ մնալ մինչև կիրակի առավոտյան:
Չնայած այն հանգամանքին, որ թուլուզյան հրաձիգը հանցագործությունները միայնակ է կատարել, այնուամենայնիվ, ոստիկանները փորձում են գտնել նրա գործընկերներին:
Մասնավորապես ոստիկանությունը փորձում է պարզել, թե Մուհամմադ Մերայի ավագ եղբայրը որքանով է ներգրավված կատարված հանցագործություններին:
Բացի այդ՝ ֆրանսիացի քննիչներին չի հաջողվել գտնել Մուհամմադ Մերայի և «Ալ-Քաիդա» կամ մեկ այլ հանցավոր խմբավորման մեջ որևէ կապի ապացույց:











































