ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդես է եկել Եգիպտոսին ռազմական օգնություն տրամադրելու վերսկսման օգտին, որի չափը կազմում է մոտ 1.3 մլրդ դոլար: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Հիլարի Քլինթոնը ԱՄՆ Կոնգրեսում հաստատել է, որ Եգիպտոսը կատարել է իր պարտավորությունները Իսրայելի հետ խաղաղություն ապահովելու հարցում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Վիկտորյա Նյուլանդը:
ԱՄՆ և Եգիպտոսի հարաբերությունները վերջին շաբաթների ընթացքում լարվել էին այն բանից հետո, երբ արաբական այդ երկրում ձերբակալվել էին ոչ կառավարական կազմակերպության 43 անդամներ, այդ թվում` 27 օտարերկրացի, որոնց առաջադրվել էր երկրի ներքին գործերին միջամտելու մեղադրանք:
«Չնայած այն բանին, որ հետապնդումները շարունակվում են, ամերիկյան իշխանությունները կարծում են, որ Եգիպտոսը զգալի առաջընթաց է ապահովել ժողովրդավարության հարցում, և Վաշինգտոնը Կահիրեի հետ հարաբերությունները դիտարկում է սեփական շահերի համատեքստում»,- հավելել է Նյուլանդը:









































