ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ քննադատել է ռազմական հեղաշրջումը, որն իրականացվել է Մալիում, և պահանջել է սահմանադրական կարգի վերականգնում և նախագահ Ամադու Թումանի Տուարեի և կառավարության ներկայացուցիչների անվտանգության ապահովում: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Առանձին հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, հեղաշրջումը քննադատել են ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Աֆրիկյան միությունը: Պան Գի Մունը նշել է, որ կապ է տեսնում հարևան Լիբիայում և Մալիում տեղի ունեցող զարգացումների միջև:
Իշխանությունը վերցրած զինվորականները նշում են, որ այս քայլին են գնացել, քանի որ երկրի ղեկավարությունն ի վիճակի չի եղել ճնշելու երկրի հյուսիսում տուարեգների կողմից սկսված ապստամբությունը: Վերջիններս ակտիվացել են այն բանից հետո, երբ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո նրանց են միացել Լիբիայում կռվող վարձկանները:








































