Մեկուկես տարի տևած դատաքննությունից հետո Հնդկաստանն ազատ է արձակել ռուս Օլգա Տիմոշիկին, որը մեղադրվում էր մի շարք հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրտեսության մեջ: Այս մասին Interfax-ին հայտնել են Հնդկաստանում Ռուսաստանի դեսպանատնից:
Ռուսաստանի կառավարության աջակցությամբ 32-ամյա կնոջ վրայից բոլոր մեղադրանքները հանվել են: Հաջողվել է նաև ստանալ նրա անձնագիրը և իրերը:
Տիմոշիկը ձերբակալվել էր 2010թ. հունիսի 23-ին Ջայպուր քաղաքում, որտեղ գտնվում էր 2006թ.՝ բիզնես անցագրով:
Իր ձերբակալությամբ Տիմոշիկը «պարտական է» Գերմանիայի քաղաքացի Թոմաս Քյունին, որը ձերբակալվել էր 2010թ. մայիսին «հատուկ պահպանվող օբյեկտում կասկածելի տեսքով և առանց անձնագրի շրջելիս»: Նա էլ հայտնել է, որ իր անձնագիրը տվել է իր ռուս ծանոթուհուն՝ Օլգային, որից հետո վերջինս ձերբակալվել է:
Տիմոշիկին մեղադրանք է ներկայացվել անցագրային ռեժիմի խախտման, «կասկածելի գործողությունների» մասնակցելու, Գերմանիայի քաղաքացու անձնագիրը յուրացնելու և այն սեփական նպատակների համար օգտագործելու համար:








































