Հաճախ կրթաթոշակները ոչ թե կրթության մատչելիության, այլ գովազդի խնդիր են լուծում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայ կրթական հիմնարկության կրթաթոշակային ծրագրի կառավարման խորհրդի նախագահ, Եվրահանձնաժողովի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների խմբի անդամ, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամ, քաղաքագետ Նվարդ Մանասյանը` խոսելով կրթաթոշակային համակարգի և այս ոլորտում պետական քաղաքականության շուրջ:
Նա նշեց, որ բանկերը, քաղաքական ուժերը շատ հաճախ միջամտում են կրթաթոշակների տրամադրման գործընթացին, որը ոչ միշտ է դրական արդյունք արձանագրում: Ըստ նրա` կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում նույնպես տրամադրվում են կրթաթոշակներ, որոնք ավելի գովազդելու խնդիր են լուծում, քան բուն և՛ պետական, և՛ սոցիալական, և՛ արդարության, և՛ առաջադիմության: Նվարդ Մանասյանի դիտարկմամբ` բավական հեշտորեն կորպորատիվ պատասխանատվության շրջանակներում կրթաթոշակների տրամադրման մի միտում շարունակվեց, որին պետությունը պետք է կարողանար ինչ-որ կերպ նորմատիվ տեսք տալ, խորհրդակցություններ լինեին, և դաշտը համակարգվեր:
«Տարբեր հասարակական կազմակերպությունները, կառույցների մասնավոր ֆոնդերը ինչ-որ կերպ պետք է կարողանան համակարգել, գոնե պարբերական հանդիպումներ կամ ուսումնասիրություններ իրականացնեն, որպեսզի հասկանան, թե որ ֆոնդը ինչ ուղղություններով, ինչ պայմաններով է տրամադրում կրթաթոշակ, որովհետև բոլոր ուղղությունները պետք է կարևորել: Հիմա այս դաշտը շատ խառնվել է, և նույնիսկ հնարավոր է, որ լավ կրթական հիմնադրամները դաշտը կորցնեն»,- մեկնաբանեց Ն. Մանասյանը`հավելելով, որ լինելով նման կազմակերպության անդամ՝ կարող է ասել, որ ոչ մի անգամ Կրթության և գիտության նախարարությունից չեն դիմել, չեն փորձել հասկանալ, թե ինչով ենք զբաղվում, ինչ սկզբունքներ ենք որդեգրել: Նա նաև փաստեց, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքում նույնիսկ հասկացել են, որ երկրում լավ չեն պատկերացնում, թե այս խնդիրներն ինչպես պետք է կարգավորվեն, և դա մեկտեղեն պետական քաղաքականության մեջ:










































