Մալիի նախագահ Ադամ Տումնի Տուրեն «իրեն լավ է զգում և գտնվում է անվտանգ վայրում»: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով նախագահին հավատարիմ բանակի ներկայացուցչին:
Ընդ որում, նա չի հստակեցրել՝ արդյոք նախագահը Բամակոյո՞ւմ է, երկրի տարածքո՞ւմ, թե՞ դրա սահմաններից դուրս: Աղբյուրի խոսքերով՝ այս գիշեր հեղաշրջում իրականացրած զինվորականները «ձերբակալել են Մալիի կառավարության նախարարներից մի քանիսին, բայց ոչ բոլորին»:
Մյուս կողմից՝ հայտնի է դարձել, որ առավոտից փակ է Բամակոյի օդանավակայանը և բոլոր չվերթները հետաձգվել են «մինչ նոր կարգադրություն»:
Այսօր Մալիի ազգային հեռուստատեսությամբ և ռադիոյով արված հայտարարության համաձայն՝ երկրում իշխանությունը վերցրել է Ժողովրդավարության վերականգնման ազգային կոմիտեն՝ կապիտան Ամադ Սանոգոյի գլխավորությամբ: Ապստամբ զինվորականները կասեցրել են սահմանադրության գործունեությունը, ցրել պետական ինստիտուտները և սահմանել պարեկային ժամ:
Բամակոյի դիվանագիտական աղբյուրի համաձայն՝ Մալիի մայրաքաղաքում դրությունը մնում է «լարված և անորոշ»: Մի շարք թաղամասերում առավոտից լսվում են ինքնաձիգի կրակահերթեր:







































