Lenta.ru-ի փոխանցմամբ`Նյու Յորքի ոստիկանությունը Իրանի կողմից քաղաքում հետախուզական աշխատանքներ իրականացնելու կասկածներ ունի: Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ ազգային անվտանգության կոմիտեի լսումների ժամանակ հայտարարել է քաղաքային ոստիկանության հետախուզական տվյալների վերլուծությունների տնօրեն Միթչել Սիլբերը:
Վերջինիս խոսքերով՝ վերջին 10 տարիներին Իրանի կառավարության հետ կապ ունեցող իրանցիներին բազմիցս հարցաքննել են Նյու Յորքում նկարահանումներ իրականացնելու կապակցությամբ:
Նրանցից ոմանք աշխատել են ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում որպես իրանական առաքելության պահապաններ (որոնցից երկուսը հետագայում արտաքսվել են ԱՄՆ-ից): Նրանք հետախուզական աշխատանքներն իրականացնելիս օգտվել են դիվանագիտական անձեռնմխելիությունից:
Սիլբերը հավելել է, որ Նյու Յորքում են գտնվում նաև Իրանի աջակցությունը վայելող լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման ներկայացուցիչները: Ըստ Սիլբերի՝ Իրանի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարդացումը կհանգեցնի այն բանին, որ Նյու Յորքը կդառնա հարձակման թիրախ:
Որպես ԱՄՆ տարածքում և ընդհանրապես արտասահմանում օպերացիաներ իրականացնելու հարցում Թեհրանի պատրաստակամության ապացույց՝ Սիլբերը հիշեցրել է ԱՄՆ-ում սաուդյան դեսպանի դեմ մահափորձի դավադրությունը և մի շարք երկրներում իսրայելացի դիվանագետների դեմ մահափորձերը:









































