«Առանց «Ժառանգության» «Ազատ դեմոկրատներ»-ը ԱԺ-ում հայտնվելու հեռանկար չունի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Ըստ քաղաքագետի`կարելի է հասկանալ «Ազատ դեմոկրատներ»-ի՝ «Ժառանգության» հետ նախընտրական դաշինք կազմելու փաստը: «Նրանք նոր են, և «Ժառանգության» հետ դաշինքը հույս է տալիս, որ կհայտնվեն ԱԺ-ում, քանի որ «Ժառանգություն»-ն ավելի հին կուսակցություն է՝ չնայած նրա ընտրազանգվածը այնքան էլ բավարար չէ ԱԺ անցնելու համար:
«Ազատ դեմոկրատներ»-ում մարդիկ են, ովքեր Լևոն Տեր-Պետրոսյանի և Արթուր Բաղդասարյանի կողմնակիցներն էին: Նրանցից ոմանց դուր չէր եկել Լևոն Տեր-Պետրոսյանի՝ իշխանության հետ ունեցած երկխոսությունը, ոմանց` նրա դիրքորոշումների դինամիկան, ոմանց` Արթուր Բաղդասարյանի` իշխանությանն անցնելու որոշումը»,- մեկնաբանեց քաղաքագետը` հավելելով, որ այս ընտրազանգվածը կընտրի «Ազատ դեմոկրատներ»-ին:
Ա. Իսկանդարյանի կարծիքով` դաշինքից կամ կշահեն երկու կուսակցություններն էլ, կամ հակառակը՝ ոչ մեկը չի շահի:
Նա նաև դեմ է որոշ լրատվամիջոցների այն հրապարակումներին, թե «Ժառանգություն»-ն ու «Ազատ դեմոկրատներ»-ն ամերիկյան ծրագրեր են։ Նրա կարծիքով՝ Հայաստանի նման փոքր պետությունը պետք է համագործակցի և ԱՄՆ-ի, և Ռուսաստանի, և այլ երկրների հետ:








































