Իջևանի անտառային հողերից 1.37 հեկտար ընդհանուր մակերեսով երկու հողամասեր փոխադրվեցին հատուկ պահպանվող հողերի կատեգորիա՝ հանգստի և ժամանցի համալիրի կառուցման համար: Այս որոշումն ընդունվեց այսօրվա կառավարության նիստում:
Որոշման նախագծում նշվում է, թե հողամասերը իրենցից ներկայացնում են «արևելյան թեքությամբ, բացարձակապես ծառազուրկ թեք լանջեր, որոնք բաժանված են գրունտային ճանապարհով, նաև դրանք բերրի չեն, չունեն ոռոգում, քամահայաց են և չեն օգտագործվում գյուղատնտեսական նպատակներով, նույնիսկ որպես արոտավայրեր»։
ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը տեղեկացրեց, որ պետական սեփականություն հանդիսացող հողերը սահմանակից համայնքների վարչական սահմաններում ընդգրկելու հետևանքով առաջացած խնդիրների գույքագրման, դրանց կարգավորմանն ուղղված առաջարկությունների մշակման նպատակով ստեղծվում է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կգույքագրի մինչև մարտի 1-ը պետական մարմիններ մուտք եղած դիմումներն ու մինչև սեպտեմբերի 1-ը կներկայացնի խնդիրների լուծմանն ուղղված առաջարկությունները:
«Գյուղացիներն այս հարցով բազմիցս են դիմել, և ևս մեկ անգամ քննարկելու անհրաժեշտություն կա, որպեսզի համերաշխության մթնոլորտը պահպանենք, և կա նաև լուծումը, որ այն հողերը, որոնք տարիներ շարունակ օգտագործվել են, կարողանան շարունակել օգտագործել: Մի քանի մարզերում այս հարցադրումը բավականին սուր է, և կարծում եմ՝ աշխատանքային խումբը կկարողանա լուծում գտնել»,- նշեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:








































